Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սկզբում անհնարինը դառնում է անսովոր, հետո՝ քննարկելի, ապա՝ ընդունելի, և վերջում՝ պետական քաղաքականություն

Սկզբում անհնարինը դառնում է անսովոր, հետո՝ քննարկելի, ապա՝ ընդունելի, և վերջում՝ պետական քաղաքականություն
31.07.2025 | 13:38

Հետևելով վերջին զարգացումներին՝ ցցուն կերպով նշմարվում է, որ օրվա կառավարիչները սկսել են հետևողականորեն շահարկել Սյունիքի թեման՝ «օվերտոնյան պատուհանի» տեխնոլոգիայով այն բերելով հանրային գիտակցության առաջին գիծ։ Սա արվում է փուլային և մշակված մեթոդաբանությամբ, որն ուղեկցվում է պետական վերնախավի կողմից արված՝ իբր «պատահական», բայց իրականում խիստ հաշվարկված ազդակներով։

Նախ, օրերս, անձամբ Նիկոլն իր գրառման մեջ անդրադարձ էր անում «Հայաստանի 9 մարզերին», ինչը ոչ միայն մաթեմատիկական վրիպակ էր, այլև՝ վտանգավոր մեսիջ։ Մտահոգիչն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը պետական հայտարարությունների կամ գրառումների միջոցով «պատահաբար» արմատավորում է «նորմալացված աղետ»․ իրականում, «պատահականություններ» այս մակարդակում չեն լինում։ Լրիվ «պատահաբար» սրանք հայտարարում էին, որ «տղաները զոհվել են հանուն ոչնչի», հետո՝ «Ստեփանակերտ մուղամ լսելու էին հրավիրում», պատվիրակություն էին տանում Ղազանչեցոնց, ասում, թե «քանի հողերը չենք հանձնել, բերենք, թող տեսնեն», «Աղդամը՝ հայրենիք հռչակում» և այլն։ Գաղտնիք չէ, որ քաղաքական տեքստում ամեն բառ դառնում է հստակ ուղերձ՝ առաջին հերթին արտաքին շահառուներին։

Այնուհետև գործի անցավ Խաչատ(ու)րյան Վահագնը, ով պարբերաբար օգտագործվում է որպես մեղմ ազդակների տիրաժավորման գործիք։ Խաչատրյանի՝ Սյունիք կատարած շրջայցի ընթացքում հնչեցրած «պատրաստ ենք բացել դռները» արտահայտությունը դարձավ հաջորդ փուլի բաղկացուցիչը՝ արդեն ուղիղ կերպով ներկայացնելով Սյունիքը որպես դեպի արտաքին աշխարհ տանող անցումային գոտի։ Այդ «դուռը», որը խոստանում են բացել, իրականում դիվանագիտական տերմինաբանության մեջ ունի կոնկրետ հասցեատեր և սահմանված իմաստ՝ խոսքն ակնհայտորեն վերաբերում է, այսպես կոչված, «հաղորդուղիներին», զիջումներին և հնարավոր տարածքային «արտապատվիրակումներին»։

Ըստ էության, այս ամենը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնաբուխ գործողությունների շարք, այլ՝ ծրագրավորված գործընթաց՝ հանրային հոգեբանության մեջ ներդնելու այն միտքը, որ Սյունիքի շուրջ «փոփոխություններն անխուսափելի են»։ Սա էլ հենց Օվերտոնի պատուհանի մեխանիզմի հիմքն է. սկզբում անհնարինը դառնում է անսովոր, հետո՝ քննարկելի, ապա՝ ընդունելի, և վերջում՝ պետական քաղաքականություն։ Բայց առավել վտանգավոր է այն, որ այս գործընթացին զուգահեռ իշխանությունը ոչ միայն չի ապահովում ազգային ինքնապաշտպանական ռեֆլեքսների ուժեղացում, այլ ընդհակառակը՝ նպատակաուղղված չեզոքացնում է այն բոլոր կառույցները, հանրային ինստիտուտները և անգամ խորհրդանիշները, որոնք ունակ են դառնալ դիմադրության հենակետեր։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ